Թուրքիայում գաղտնի նշագրել են հայ և ալևի ռազմածովայիններին

17:36 • 16.04.14

Թուրքական Ծովային ուժերի հրամանատարության ենթակայության տակ գործող Գյոլջուքի ռազմաբազայի պաշտոնյաներ՝ փոխգնդապետ Ի. Գ-ն, լեյտենանտ Թ.Ա-ն և այլք բազմաթիվ սպաների և ենթասպաների կրոնական տարբերությունները, մասնակցած միջոցառումներն ու անգամ կարդացած թերթերը գաղտնի նշագրել են։

Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը, բացահայտված «հաշվառման» էջերում նշված է զինծառայողի անունը, ազգանունը, հայ կամ ալևի լինելը, այս կամ այն միությանն անդամակցելը։

 

Գլխավոր դատախազությունն արդեն սկսել է զբաղվել սկանդալով։

 

Տարածված փաստաթղթերից մեկում, օրինակ, նշված է, որ ալևի Ս.Յ-ի դեպքում կարող են օգտագործել նրա նյութական վիճակը, իսկ զինծառայող Է.Թ-ի համար նշվում է, որ նա հայ է, որին խորհուրդ է տրվում «աճեցնել և օգտագործել»։

 

Գաղտնազերծված փաստաթղթերում նաև տեղեկություններ կան այլազգի և այլադավան զինծառայողների ընտանիքների մասին։ Նշվում է անգամ նրանց հեռավոր ազգակցական կապերի մասին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Թուրքիայում կոդավորում են տարբեր ազգություններով անձանց։