Ամերիկյան ԿՀՎ-ի տնօրենը գաղտնի եղել է Կիևում
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ջոն Բրենանը եղել է Կիևում, և այդ ընթացքում քննարկվել է Ուկրաինայի ու ԱՄՆ-ի միջև հետախուզական տեղեկատվության փոխանակման նոր աղբյուրների հարցը, հայտնում է HTB-ն:
Երկուշաբթի Վաշինգտոնը հաստատել է, որ Բրենանը գաղտնի Կիև է ժամանել: Այժմ հայտնի են դարձել այցի նպատակները։
Սպիտակ տունը հավանություն է տվել Ուկրաինային ավելի մանրամասն հետախուզական տվյալների տրամադրման հարցին, սակայն առայժմ որոշված չէ իրական ժամանակի ռեժիմում դրա իրականացումը: Բրենանն այցելել է Կիև Ուկրաինայի նոր իշխանությունների հետ մոտիկից ծանոթանալու և այդ նոր քաղաքականությունը քննարկելու նպատակով։
Հայտնի է, որ Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրել է պաշտպանված հեռահաղորդակցության սարքավորումներ տրամադրել, սակայն առայժմ դրա համար համաձայնություն չի ստացել: Կիևում ցանկանում են, որպեսզի ամերիկյան հետախուզության տվյալներն առաջնահերթ Ուկրաինայի ղեկավարությանը, այլ ոչ թե զինվորական հրամանատարությանը փոխանցվեն:
Առայժմ հայտնի է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները և զինված ուժերը, դրանց կապի ալիքները Ռուսաստանի համար գաղտնիք չեն ներկայացնում:










