Կիմ Չեն Ընը լոնդոնյան վարսավիրանոցի գովազդային դեմքն է դարձել
Լոնդոնի արվարձանում գտնվող M&M Hair Academy գեղեցկության սրահի սեփականատեր Մո Նաբահը որոշել է իր հաստատության գովազդի համար օգտագործել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կերպարը։
Նա տեղադրել է առաջնորդի պատկերով պաստառը հետևյալ գրառումով՝ «Մազերը լավ չե՞ն հարդարվում։ 15% զեղչ ապրիլին տղամարդկանց սանրվածքների համար»։ Մի քանի օր անց հաստատություն են եկել Հյուսիսային Կորեայի դեսպանատան ներկայացուցիչները, հայտնում է lenta.ru-ն։
Դիվանագետներն ուսումնասիրել են պաստառը, լուսանկարել, այնուհետ մտել սրահ և խնդրել կանչել մենեջերին։ Երբ կորեացիները խնդրել են Նաբահին հանել պաստառը, վերջինս հրաժարվել է։ «Ես նրանց ասացի, որ մենք Հս. Կորեայում չենք, այլ Մեծ Բրիտանիայում»,- պատմել է մենեջերը։ Նա շատ գոհ է գովազդային արշավի արդյունքներից. նրա վարսավիրանոցը և Կիմ Չեն Ընի նկարով պաստառը դարձել են տեղի հայտնի վայր։
Լոնդոնյան ոստիկանությունը հաստատում է, որ շփվել է 2 կողմերի հետ և որ նրանց չի հաջողվել հասնել համաձայնության։










