Միկի Մկնիկին և Դարտ Վեյդերին արգելել են հայտնվել Բրանդենբուրգյան դարպասների մոտ

14:16 • 16.04.14

Միկի Մկնիկի, Դարտ Վեյդերի և կինոյի ու հեռուստատեսության այլ կերպարների կոստյումներով փողոցային դերասաններին արգելել են հայտնվել Բրանդենբուրգյան դարպասների մոտ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Independent-ին: Համապատասխան որոշումն ընդունել են Բեռլինի իշխանությունները:

 

Քաղաքն ամեն տարի ներգրավում է միլիոնավոր զբոսաշրջիկների, իսկ փողոցային դերասանները նրանց համար տարբեր տեսակի ներկայացումներ են պատրաստում, ասված է հոդվածում: Ընդ որում՝ բեռլինցիներին այդ դերասանները շատ ավելի քիչ են ուրախացնում. Գերմանիայի մայրաքաղաքի բնակիչների կարծիքով՝ նման ելույթները «դիսնեյաֆիկացնում» են Փարիզի հրապարակը, որտեղ տեղակայված են Բրանդենբուրգյան դարպասները:

 

Արդյունքում Բեռլինի իշխանություններն արգելել են կերպարների կոստյումներով դերասաններին ելույթ ունենալ այդ հայտնի տեսարժան վայրի կողքին: Արգելքը վերաբերում է նաև այսպես կոչված «կենդանի արձաններին» և խորհրդային ժամանակների զինվորական հանդերձանքով դերասաններին։


Փողոցային երաժիշտներին և նկարիչներին թույլ են տվել շարունակել իրենց աշխատանքը հրապարակում: