Նախիջևանի բնակիչը փորձել է սպիտակ դրոշով հանձնվել Հայաստանին (լուսանկար)
Նախիջևանի բնակիչ Նազիմ Մամեդովը ձերբակալվել է զինվորականների կողմից՝ սպիտակ դրոշով Հայաստան փախչելու փորձի ընթացքում, տեղեկացնում է haqqin.az-ը՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հղումով։
Իրավապաշտպան Հաքիմելդոսթու Մեհթիևի խոսքով՝ Նազիմ Մամեդովը փորձել է Հայաստան փախչել ապրիլի 12-ին, և նման «ռիսկային քայլի» պատճառը եղել է այն, որ նրա բողոքը ոստիկանության սերժանտի հանդեպ հրաժարվել են քննել։
«Մոտ մեկ տարի առաջ Շարուրի շրջանի ոստիկանության սերժանտը սպառնացել է Նազիմի կնոջն ու նրանից գումար հափշտակել։ Հետո կնոջն սկսել է շանտաժի ենթարկել՝ պահանջելով հանդիպել իր հետ։ Հանդիպումներից մեկի ընթացքում նրանց տեսել է Նազիմի որդին և ծեծկռտուք սկսել ոստիկանության սերժանտի հետ։ Կինը պատմել է ամեն ինչի մասին, և նա բողոք է ներկայացրել ոստիկանության աշխատակցի դեմ»,- ասել է Մեհթիևը։
Իրավապաշտպանի խոսքով՝ տեղի ունեցածի մասին կարճ ժամանակ անց իմացել է նրանց ողջ գյուղը, և այդ խոսակցությունների պատճառով ամուսնալուծվել են նրա որդին և դուստրը։
«Շուտով բաժանվել է նաև ինքը։ Նա ասում էր, որ կգնա հայերի մոտ, եթե չպատժեն ոստիկանության սերժանտին»,-ասել է իրավապաշտպանը։
Մեհթիևը նշել է, որ երբ ոստիկանությունը հրաժարվել է քննել նրա հերթական բողոքը, Նազիմ Մամեդովը սպիտակ է հագել, վերցրել է սպիտակ դրոշն ու փորձել է անցնել սահմանը, սակայն նրան ձերբակալել են զինվորականները։
Այժմ նա գտնվում է Ազգային անվտանգության նախարարության տեղի բաժանմունքում, և նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։










