Յացենյուկը Ռուսաստանին մեղադրել է նոր «Բեռլինյան պատի» կառուցման համար

14:26 • 16.04.14

Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից երկրի վարչապետի պաշտոնում նշանակված Արսենի Յացենյուկը գտնում է, որ Ռուսաստանն իր գործողություններով նոր «Բեռլինյան պատ» է կառուցում։

 

Ինչպես նշում է Газета-ն, պաշտոնյան ասել է, որ «իրենց ռուս հարևանները ցանկանում են վերադառնալ «սառը պատերազմի» դարաշրջան ու կառուցել նոր «Բեռլինյան պատ», ինչը սպառնում է նաև Եվրոպայի ու Եվրոպական միության անվտանգությանը»։

 

Բացի այդ, Յացենյուկը մեղադրել է Ռուսաստանին զինված անջատողականների գործողություններին աջակցելու և  Ուկրաինայի տարածք «ահաբեկչություն արտահանելու» համար։

 

«Ռուսաստանի կառավարությունը պետք է անհապաղ հետ կանչի իր դիվերսիոն ու հետախուզական խմբերին՝ քննադատելով ահաբեկիչների գործողություններն ու պահանջելով, որպեսզի նրանք ազատեն գրավված վարչական հաստատությունները»,-ասել է վարչապետը։ Այնուհանդերձ Յացենյուկը խիստ տարակուսանք է հայտնել այն հարցի վերաբերյալ, որ Ռուսաստանն այդպես կվարվի։

 

Մարտից երկրի դաշնայնացման կողմնակիցների հանրահավաքներ են տեղի ունենում Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկում, Խարկովում, Լուգանսկում։ Դրանց մասնակիցները պահանջում են հանրաքվե անցկացնել՝ որոշելու իրենց շրջանների կարգավիճակները։

Շաբաթ օրը ցույցերը տարածվել են նաև Դոնեցկի շրջանի այլ քաղաքներում՝ Սլավյանսկում, Մարիոպոլում, Ենակիևոյում, Կրամատորսկում և այլուր։