Պարտադիր կուտակայինի հարցում կառաջնորդվեն ՍԴ-ի որոշմամբ, բայց պարտադիր բաղադրիչը չի հանվի. Գալուստ Սահակյան
ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ նոր Կառավարությունը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցում կառաջնորդվի Սահմանադրական դատարանի որոշման համաձայն, բայց «պարտադիր» բաղադրիչը չի հանվի։
«Պարտադիր կուտակայինի մասին օրենքը փոփոխության կենթարկվի ըստ Սահմանադրական դատարանի պահանջի և Սահմանադրությանը հարիր կլինի, այսինքն՝ որոշումը, բնականաբար, մինչև սեպտեմբերի 30-ը պատրաստ կլինի, դեռ մի քիչ էլ ավելի շուտ»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե այսինքն՝ պարտադիր բաղադրիչը կհանվի, Գալուստ Սահակյանը պատասխանց. «Ո´չ, պարտադիր բաղադրիչը չի հանվի, պարզապես փոփոխությունները կլինեն այն հոդվածներում, որոնք սահմանդրական դատարանը հակասահմանադրական է համարել»։
Ինչ վերաբերվում է այն տեսակտներին, որ հնարավոր է՝ պարտադիրը ձևակերպվի որպես հարկատեսակ, ՀՀԿ պատգամավորը նշեց. «Դրանք տեսակետներ են, Կառավարությունում կգործի համապատասխան հանձնախումբ, որին մասնակից կլինեն բոլոր շահագրգիռ կողմերը»։










