Թուրքիայի ՌՕՈՒ 4 ինքնաթիռ ներխուժել է Հունաստանի օդային տարածք
Թուրքական 4 ռազմական ինքնաթիռ երեկ երեկոյան ներխուժել է Հունաստանի օդային տարածք, ի պատասխան օդ են բարձրացվել հունական կործանիչները, և սկսվել է «օդային մարտ», հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Աթենքի լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ վերջին անգամ նման լուրջ միջադեպ է տեղի ունեցել 2012թ. հունվարին։
Միջադեպը տեղի է ունեցել Էգեյան ծովի հյուսիսային շրջանում։ Գրանցվել է Հունաստանի օդային տարածքի խախտման 3 դեպք։ Բացի այդ, Հունաստանի օդային տարածքը խախտել է նաև թուրքական ավիացիայի ուղղաթիռը։
«Մարտն» այնքան լուրջ էր և տևական, որ մենք որոշել էինք բարձրացնել ևս մեկ հունական կործանիչ, սակայն թուրքական ինքնաթիռները շրջվեցին և վերադարձան իրենց բազա»,- գրում է Defencenet պարբերականը։
Ինչպես նշում է պարբերականը, թեև օդային տարածքի խախտումներ հաճախ են լինում, թուրքական կործանիչները հազվադեպ են ներխուժում ամբողջովին զինված։










