Ուկրաինայի խորհրդարանն աջակցություն է հայտնել երկրի արևելքում ուժային գործողություններին
Ուկրաինայի Գերագույն ռադան աջակցել է ուժայինների գործողություններին, որոնք ուղղված են Ուկրաինայի արևելքում իրավիճակի կայունացմանը։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, համապատասխան որոշումն ընդունվել է այսօր՝ խորհրդարանի նիստի ընթացքում։
«Գերագույն ռադայի կողմից որոշում է ընդունվել աջակցել այն գործողություններին, որոնք իրականացվում են իրավապահ մարմինների և պաշտպանության նախարարության կողմից երկրի արևելքում՝ պետության ամբողջականությունն ապահովելու նպատակով»,-ասել է առաջին փոխվարչապետ Վիտալի Յարյոման։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր, որ Ուկրաինայում իրավիճակի կտրուկ սրումը երկիրը քաղաքացիական պատերազմի կհասցնի։










