Համագործակցության պայմանագիր՝ Մանկավարժական համալսարանի և Արցախի պետական համալսարանի միջև
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանակավարժական համալսարանի և Արցախի պետական համալսարանի միջև այսօր կնքվել է համագործակցության պայմանագիր։ Այս մասին հայտնում են ՀՊՄՀ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։
«Արցախն ինտեգրվելու խնդիր ունի և այս համագործակցությունը ևս կնպաստի այդ գործընթացին: Պայմանագիրը իսկապես կտա իր լուրջ ձեռբերումներն ու արդյունքները, որը կզգա յուրաքանչյուր արցախցի և առաջին հերթին Արցախի երիտասարդությունը»,-ասել է Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը:
Նա ընդգծել է, որ երկու համալսարանների միջև համագործակցությունը տարիների պատմություն ունի, սակայն ժամանակի փոփոխությունների առումով կրթական համակարգը չի կարող ետ մնալ, և ժամանակի մարտահրավերներին դիմակայելու համար համագործակցության նոր ձևեր են անհրաժեշտ:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նշել է, որ այս պայամանագիրն առավել լայն համագործակցության հնարավորություն է ընձեռում բուհերին և արձանագրեց, որ այս տարի նախատեսվող ուսանողական միջազգային համատեղ ճամբարում կընդգրկեն նաև Արցախի պետական համալսարանի ուսանողները:
Պայմանագրով նախատեսված է երկու համալսարանների համագործակցություն կրթադաստիարակչական, գիտահետազոտական և ուսումնամեթոդական գործունեության ոլորտներում՝ համատեղ փոխշահավետ ծրագրերի մշակման և իրականացման, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների ակադեմիական փոխանակման, համատեղ հայտարարությունների և փաստաթղթերի ստորագրման, տեղեկատվական, մարզամշակութային և այլ հարցերում:










