Որոշ համայնքներում քայքայված մայր գազատարների շինարարության ծախսը՝ 147.6 մլն դրամ. ՎՊ-ն հարցն ուղարկել է Գլխավոր դատախազություն
Վերահսկիչ պալատը, իր 2013թ-ի հաշվետվության մեջ անդրադառալով «Գյուղական ենթակառուցվածքներ» ծրագրին, առաջարկել է ՀՀ Կառավարությանը՝ նախկինում կառուցված անորակ, քայքայված և «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից չընդունված գազատարների մասով նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:
Անդրադառնալով բուն խնդրին՝ ՎՊ-ն նշում է, որ «Գյուղական ենթակառուցվածքներ» ծրագրի նպատակն է` բարելավել գյուղական անապահով համայնքների բնակիչների կենսամակարդակը և ապահովել տնտեսական աճ, ինչի համար նախատեսվել է 31 մլն ԱՄՆ դոլար:
Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու և Արագածոտնի մարզերի 28 համայնքների ենթակառուցվածքներում ներդրումների (հիմնականում` գազաֆիկացման աշխատանքներ) իրականացման համար ԾԻԳ-ը պայմանագրեր է կնքել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված՝ «ՍԱԴԵ ԲԸ (Ֆրանսիա) -Բլեսկ ՍՊԸ (ՌԴ)» ՀՁԳ-ի և «Եվրոպրոֆայլ» ՓԲԸ-ի հետ, համապատասխանաբար` 4.9 մլրդ դրամ և 803.4 մլն դրամ արժեքով:
ՎՊ-ն ստուգումներ է անցկացրել 7 համայնքում: Պարզվել է, որ Խոզնավար, Խնածախ, Վաղատուր և Արտանիշ համայնքների գազաֆիկացման համար 613.3 մլն դրամ գումարով աշխատանքների ավարտից հետո էլ նշված համայնքները չեն կարող գազաֆիկացվել, քանի որ մայր գազատարները քայքայված են և չեն շահագործվել: «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն մինչ օրս չի ընդունել այդ գազատարները: Ընդհանուր առմամբ այդ քայքայված և չշահագործվող մայր գազատարների շինարարության ծախսը կազմել է շուրջ 147.6 մլն դրամ:
Նախկինում կառուցված անորակ և «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից չընդունված գազատարների մասով 2012 թվականին կնքված պայմանագրերում քայքայված և անպիտան խողովակների վերականգնման, փչամաքրման և փորձարկման աշխատանքների համար նախատեսվել է շուրջ 22.2 մլն դրամ գումար: Վերահսկիչ պալատը առաջարկել է այդ գումարը չվճարել կապալառուին:
Սյունիքի մարզի Խնածախ համայնքում պայմանագրով խողովակների փչամաքրման համար նախատեսվել է ծախսել 21.2 մլն դրամ` 23704 գծամետրի համար: Պարզվել է, որ խողովակների երկարությունը իրականում ավելի քիչ է 4300 գծամետրով: Ավելի նախատեսված 4.7 մլն դրամը ենթակա է պայմանագրի գումարից նվազեցման:
Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքի գազաֆիկացման աշխատանքների նախահաշվում մետաղական խողովակների փչամաքրման և փորձարկման միավորների սխալ կիրառման արդյունքում նախահաշվային արժեքն ավելի է հաշվարկվել 13.8 մլն դրամով:
Հաշվի առնելով արձանագրված բոլոր թերությունները` Վերահսկիչ պալատն առաջարկել է Սյունիքի մարզի Խնածախ և Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքների գազաֆիկացման աշխատանքների պայմանագրերի արժեքը 27.2 մլն դրամով նվազեցնել:










