Հայաստանը գենդերային օրենք ընդունելու գրավոր պարտավորություն չունի. «Համահայկական ծնողական կոմիտե»

13:15 • 17.04.14

«Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ Հայաստանը միջազգային գրավոր որևէ պարտավորություն չունի, որ գենդերային հավասարության մասին օրենք ընդունի:


Խոսելով «Այլասերման քարոզչությունը եվրոպական դպրոցներում որպես աշխարհաքաղաքական պատերազմների գործիք և այդ երևույթների ներթափանցումը Հայաստան» թեմայի շուրջ՝ նա ներկայացրեց կոմիտեի պահանջները. «Մեր պահանջն է, որ մեզ մոտ նմանատիպ օրենքներ չընդունեն։ Ես ուսումնասիրել եմ, չկա որևէ պայմանագիր, որ Հայաստանը պետք է նման օրենքներ ընդունի, ընդամենը գոյություն ունի բանավոր պարտավորություն, բայց մենք Կառավարությանն ասել ենք, որ մեզ չի հետաքրքրում իրենց բանավոր պայմանավորվածությունները»:


Արման Բոշյանի խոսքով՝ Հայաստանի վրա տնտեսական ճնշումներ են կիրառել, որպեսզի ընդունվի գենդերային հավասարության մասին օրենքը, ինչը նպատակ ունի ձևափոխել հասարակությանն այնպես, որ այն կորցնի իր կապը արմատների հետ, իսկ դրանից հետո հեշտ կլինի վերահսկելը: «Այս ամենն ուղղված է ստեղծելու մի անառողջ իրավիճակ, որը քաղաքացիներին կդարձնի կառավարելի»,- ասաց նա:


Անդրադառնալով գենդերային գաղափարախոսության տարածմանը դպրոցներում՝ բանախոսը նշեց, որ իրենք անցած տարի կանխեցին և թույլ չտվեցին, որ դպրոցներում նման գաղափարախոսություն մտնի: «Ո՞վ է քարոզում Հայաստանում գաղափարախոսություն, որին դեմ է երկրի 92%-ը, հիմա Հայաստանը չի հանդուրժում դա, իսկ այն մարդիկ, ովքեր դեմ են, պաշտպանվում են»,- ասաց Արման Բոշյանը:


Վերջինս նաև նշեց, որ ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեմ է այդ գաղափարներին. «Մինչ վարչապետ դառնալը ես հանդիպել եմ նրա հետ, նա շատ ադեկվատ մոտեցում ունի այդ հարցի շուրջ»: