ԱՄՆ-ում շանը սխալմամբ հրավիրել են զբաղեցնելու երդվյալ ատենակալի պաշտոնը

12:12 • 17.04.14

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Քամբերլենդ շրջանի «բնակիչներից» մեկը՝ Բարեթ Գրիներ 4-րդը, դատարանից նամակ է ստացել, որում նրան հրավիրել են զբաղեցնել դատարանի երդվյալ ատենակալի պաշտոնը։

Ինչպես նշում է Time-ը, առաջին հայացքից սրանում որևէ արտառոց բան չկա, եթե միայն հաշվի չառնենք այն փաստը, որ Գրիներ 4-րդ-ը մարդ չէ, այլ` գերմանական հովվաշուն։

Կենդանու տերը՝ Բարեթ Գրիները, պատմել է, որ նամակը կարդալուց հետո անմիջապես գլխի է ընկել, որ դա համակարգչային սխալի հետևանք է, որը, ամեն դեպքում, շատ զվարճալի էր։

Աղբյուրը նշում է, որ այս միջադեպի հիման վրա կարելի է մի հետաքրքիր սերիալ նկարահանել, որը կպատմի իր արտասովոր խելքի շնորհիվ դատական համակարգում պաշտոն ստանձնած գերմանական հովվաշան մասին։