ՀՀԿ ԳՄ նիստից առաջ Հովիկ Աբրահամյանը հայտնվեց Բյուզանդի և Ֆիրդուսի փողոցների բնակիչների «շրջափակման մեջ» (տեսանյութ)

20:22 • 17.04.14

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը շուտով կմեկնարկի: Դեռ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ չի ժամանել ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Արդեն գրասենյակում են ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը, ում անունը շրջանառվում է որպես ԱԺ նախագահի թեկնածու, և տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանը:

 

Ի պատասխան Tert.am-ի հարցի` Ձեզ տեսնու՞մ եք նոր Կառավարության կազմում, վերջինս պատասխանեց. «Ծիծաղելի հարցեր եք տալիս»:

 

Այս պահին շենքի դիմաց են Ֆիրդուսի և Բյուզանդի փողոցի բնակիչները, որոնք կորցրել են իրենց բնակարանները դեռ վեց տարի առաջ՝ որպես իրացման գոտի:



Ներկա կանանցից մի քանիսը բարձրաձայն լալիս են և բղավում՝ «Ձեզ համար փարավոնի նման ապրում եք, մենք այստեղ կոտորվում ենք»:


ՀՀԿ Կենտրոնական գրասենյակ ժամանած վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնվելով կանանց «շրջափակման մեջ», խոստացավ Բյուզանդի փողոցի բնակիչներին ընդունել վաղը, Ֆիրդուսի փողոցի բնակիչներին՝ շաբաթ օրը: