Կիմ Չեն Ընի հորաքրոջ նկարներով կադրերը կտրվել են կինոխրոնիկայից
Կինոխրոնիկայի կադրերը, որոնցում երևում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հորաքույրը, փոխարինվել են, դա կարող է նշանակել, որ Կիմ Գեն Հին բռնադատվել է, գրում է ria.ru-ն՝ հղում անելով ճապոնական NHK հեռուստաալիքին:
Կիմ Գեն Հիի՝ Կիմ Չեն Ընի հոր փոքր քրոջ մասին տեղեկատվություն դադարել է հայտնվել հունվարից, երբ հարավկորեական և ճապոնական ԶԼՄ-ները հաղորդեցին այն մասին, որ նա Եվրոպայում է, որտեղ ուղեղի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո վերականգնողական կուրս է անցնում: Այնուհետ մարտին և ապրիլին տեղեկություն հայտնվեց, որ նա հավանաբար չի վերընտրվել երկրի խորհրդարանում, ինչպես նաև այն մասին, որ նրա զբաղեցրած պատասխանատու պաշտոններն այժմ փոխանցվել են Կիմ Չեն Ընի փոքր քրոջը:
Դեկտեմբերի կեսին հայտնի է դարձել, որ Կիմ Գեն Հիի ամուսին Չան Սոն Տհեկը, ով համարվում էր պետությունում «երկրորդ մարդը», մահապատժի է ենթարկվել իշխանափոխության փորձի համար։
Հեռուստաընկերությունը կինոխրոնիկայի կադրեր է ներկայացրել, որոնք հեռարձակել է ԿԺԴՀ-ի պետական հեռուստաալիքն անցած տարվա դեկտեմբերին և հունվարին, որոնցում Կիմ Գեն Հին կանգնած է Կիմ Չեն Ընի աջ կողմում՝ չորրորդը հերթականությամբ պետական արարողություններից մեկի ժամանակ: Սակայն կինոխրոնիկայի նույն թողարկման մեջ, որը ցուցադրվել է երեքշաբթի, այդ կադրերը փոխարինվել են, և ԿԺԴՀ-ի առաջնորդի կողքին կանգնած են այլ կուսակցական և ռազմական ղեկավարներ: Դա թույլ է տալիս եզրակացնել, որ Կիմ Գեն Հին բռնադատվել է իր ամուսնու պես: Չան Սոն Տհեկի մահապատժից հետո նույնպես նրան «կտրել» են կինո և ֆոտոխրոնիկայից:










