Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու առթիվ

17:01 • 17.04.14

Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։


«Հարգելի Հովիկ Արգամի,


Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:


Ռուսաստանին և Հայաստանին կապում են դաշնակցային հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը, որոնք հիմնված են մեր ժողովուրդների բարեկամական ավանդույթների վրա:


Վստահ եմ, որ մեր երկկողմ համագործակցության հետագա զարգացումը առևտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական և այլ ոլորտներում, նոր խոշոր համատեղ ծրագրերի իրականացումը, Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին հայ գործընկերների լիարժեք միացումն ամբողջովին համապատասխանում են մեր պետությունների շահերին: Պատրաստ եմ Ձեզ հետ կառուցողական աշխատանքի Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև փոխհամագործակցության բոլոր արդիական հարցերի շուրջ:


Մաղթում եմ Ձեզ, հարգարժան Հովիկ Արգամի, քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»: