Հայաստանը վաղուց պետք է բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտ ունենար. փաստաբաններ

20:19 • 17.04.14

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է Հայաստանում սահմանել ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը:

 

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ոչ նյութական կամ բարոյական վնասի հատուցման ինստիտուտ Հայաստանն ունի, ուղղակի այն սահմանափակվում է ներողություն խնդրելով:


«Առհասարակ՝ ես կողմ եմ, որպեսզի բարոյական կամ ոչ նյութական վնասն ունենա նյութական հատուցում: Գաղափարը ողջունելի է, իսկ իրականացումը չգիտեմ, թե ինչպիսին կլինի»,-ասաց Տիգրան Աթանեսյանը:

 


Փաստաբան Լուսինե Սահակյանը ևս, անդրադառնալով այդ նախագծին, ասաց, որ Եվրոպական դատարանն արդեն իսկ որոշումներ ունի, որոնցով խախտում է ճանաչել հենց այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունում չկա բարոյական վնասի ֆինանսական փոխհատուցում:


«Իսկ Հայաստանը վաղուց էր պարտավորվել օրենսդրական փոփոխություն կատարել: Թեև ծանոթ չեմ օրենքի նախագծին, բայց կարծում եմ, որ խոսքը հենց այդ մասին է»,-ասաց Լուսինե Սահակյանը՝ շարունակելով, թե դրա բացակայությունն արդեն իսկ հանգեցրել է մի շարք խախտումների:

 

Ե՛վ Լուսինե Սահակյանը, և՛ Տիգրան Աթանեսյանն ասացին, որ Հայաստանում շատ օրենքներ չեն գործում այնպես, ինչպես հարկն է, և օրենքում փոփոխություն կատարելը դեռևս չի նշանակում, որ խնդիրն արդեն իսկ լուծված է: