Ռասմուսենն անձնական հանդիպմանը գաղտնի ձայնագրել է մեր զրույցը. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների հետ «ուղիղ կապի» ժամանակ ասել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն անձնական հանդիպումներից մեկի ժամանակ գաղտնի ձայնագրել է իրենց զրույցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«ՆԱՏՕ-ի այսօրվա քարտուղար պարոն Ռասմուսենը… Հանդիպումներից մեկի ժամանակ, երբ նա դեռ Դանիայի վարչապետն էր, նա, պարզվում է, իր հետ ձայնագրիչ էր վերցրել, գաղտնի ձայնագրել մեր զրույցը, իսկ այնուհետ այն հրապարակել մամուլում: Ես չէի կարող հավատալ ականջներիս և աչքերիս, անհեթեթություն է»,- հայտարարել է Պուտինը:
Նա (Ռասմուսենը) բացատրել է դա նրանով, որ ձայնագրել է այդ խոսակցությունը պատմության համար, հավելել է նախագահը: «Ես շոյված եմ, իհարկե, բայց պետք էր գոնե ինչ-որ կերպ զգուշացնել կամ գոնե թույլտվություն խնդրել այդ բանակցությունները հրապարակելուց առաջ: Ի՞նչ վստահության մասին է խոսքը»,- ասել է Պուտինը:
Պուտինի խոսքով՝ վստահության հարցը չափազանց կարևոր է «միջանձնայինից մինչև պետական հարաբերություններում, հարաբերությունները պետք է լինեն ավելի կայուն և թափանցիկ»:










