Իշխանությունն ՕԵԿ-ին գործուղել է ընդդիմություն, այլ հարց է՝ որքան ժամանակով. Ստյոպա Սաֆարյան

19:24 • 17.04.14

«Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե իր համոզմաբ՝ «Օրինաց երկիր» կուսակցությանը իշխանությունն է գործուղել ընդդիմություն։


«Կարծում եմ՝ ՕԵԿ-ի որոշումը համաձայնեցված է իշխանությունների հետ, և ՕԵԿ-ը շատ խելոք վերադառնալու է կոալիցիա: Այստեղ միակ բանը, որ հստակ չէ, այն է, թե իշխանությունը որքան ժամանակով է նրան գործուղել ընդդիմություն, որովհետև դրանից շատ բան է կախված: Եթե դա կարճ է լինում, ուրեմն՝ դա իշխանության հաշվարկների այլ տարբերակ է, եթե երկար է լինելու, այլ հաշվարկների մասին է խոսքը»,-ասաց նա և բացատրեց, որ եթե ՕԵԿ-ն ընդդիմությունում մնա մինչև 2017 թ-ը, ապա դրա պատճառը կլինի իշխանության վերարտադրության խնդրի լուծումը։

 

«ՕԵԿ-ն ուղղակի փորձում է ընդդիմության դաշտում գործելով՝ տեղ ունենալ ապագա խորհրդարանում»,-ասաց նա՝ հավելելով, որ «կարճատև գործուղման» դեպքում կլուծեն արտաքին քաղաքական խնդիրներ։


«Մայիսին Մաքսային միությանն անդամակցելու հարց կա, և հետևաբար՝ հանրապետությունում ստեղծված իրավիճակը բարդացնում է այդ խնդիրը և դրանով, համենայն դեպս, թույլ չի տալիս Հայաստանին՝ խախտել հավասարակշռությունն արտաքին քաղաքականության դաշտում»,-նշեց նա։

 

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ ՕԵԿ-ին «ընդդիմություն սարքելով»՝ իշխանության հաշվարկի մեջ ամենևին չի մտնում նրա վարկանիշը բարձրացնելը։ «Կոալիցիայում նրա չլինելն այլ բանի համար է պետք, ո´չ թե նրա համար, որ ՕԵԿ-ը գնա, թափ հավաքի։ Եթե նկատեցիք՝ Սերժ Սարգսյանն ու ՕԵԿ-ը շատ քաղաքակիրթ, խելոք ու սիրուն ձևով բաժանվեցին, շնորհավորանքներով ու շնորհակալություններով, իսկ դա նշանակում է, որ ՕԵԿ-ը լավագույն դեպքում՝ կարող է խնդիր ունենալ Կառավարության իրենց հատկացված տեղերի հարցով»,-ասաց նա և նկատեց, որ պատճառաբանությունը, թե Արթուր Բաղդասարյանին վարչապետ չեն տվել, առնվազն՝ ծիծաղելի է։

 

«ՕԵԿ-ը երբեք չի կարծել, որ կարող է խորհրդարանում իր մի քանի տեղերով վարչապետի պաշտոն ունենալ. դա ծիծաղելի է: Արթուր Բաղդասարյանը հաստատ այն մարդն է, ում կարելի է քննադատել շատ բաներում, բայց՝ո´չ քաղաքականությունից չհասկանալու մեջ»,-նշեց նա և ավելացրեց, որ եթե նույնիսկ՝ արտաքուստ ցույց են տալիս, թե քանի որ Բաղդասարյանին վարչապետ չնշանակեցին, իրենք հեռանում են, ապա դա լուրջ չէ։

 

Ստյոպա Սաֆարյանը համոզիչ չի համարում նաև շրջանառվող մյուս պատճառը, թե ՕԵԿ-ը Հովիկ Աբրահամյանի հետ չի ուզում աշխատել:


«Ես չեմ հիշում ՕԵԿ-ի և Հովիկ Աբրահամյանի լարված հարաբերությունները, ինձ հայտնի չէ որևէ էպիզոդ, որ ՕԵԿ-ը չցանկանա աշխատել Հովիկ Աբրահամյանի հետ»,-ասաց նա։