Կուբանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով Հայաստանի 3 քաղաքացի է զոհվել

18:52 • 19.04.14

Ռուսաստանի Կուբան քաղաքում տեղի ունեցած Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 3 հայ է զոհվել: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` Интерфакс-ին հղումով:


ՌԴ ՆԳՆ Գլխավոր վարչության տվյալներով` ՃՏՊ-ն տեղի է ունեցել ոստիկանության աշխատակցի մեղքով, ով  «Կովկաս» մայրուղու վրաRenault Megane մակնիշի մեքենայով դուրս է եկել հանդիպակաց գոտի` բախվելով ВАЗ-21140 մակնիշի մեքենային: ՃՏՊ-ի մեղավորը Տիխորեցկի շրջանի ՆԳՆ վարչության աշխատակիցն է:


ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են ВАЗ-21140-ի վարորդն ու երկու ուղևորը: ВАЗ մակնիշի մեքենայի ևս երկու ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ գործակալության աղբյուրը հստակեցրել է, որ ավտովթարի հետևանքով զոհված անձինք Հայաստանի քաղաքացիներ են:


Աղբյուրի տվյալներով` իրավապահը փորձել է թաքնվել, սակայն ձերբակալվել է: Ներկա պահին ծառայողական հետաքննություն է անցկացվում, որի արդյունքում ոստիկանության աշխատակիցը կազատվի ներքին գործերի մարմնում աշխատանքից և կենթարկվի քրեական պատասխանատվության: