Ավստրալիան ցանկանում է 5-7 օրում գտնել մալայզիական անհետացած ինքնաթիռի «սև արկղերը»

18:15 • 19.04.14

Ավստրալիայի իշխանությունները նախատեսում են ավարտին հասցնել մալայզիական անհետացած ինքնաթիռի որոնողական աշխատանքները՝ առաջիկա 5-7 օրերի ընթացքում. տեղեկացնում է Лента.ру-ն։

Որոնումների համակարգող կենտրոնից տեղեկացրել են, որ խոսքը որոնողական աշխատանքների մեկ փուլի ավարտի մասին է։

Այս պահին ավստրալական իշխանությունները նախատեսում են շարունակել անհետացած ինքնաթիռի որոնողական աշխատանքները Հնդկական օվկիանոսում, սակայն մտադիր են փոխել որոնման մեթոդները, եթե դրանք ցանկալի արդյունքի չհանգեցնեն։

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ինքնաթիռի որոնման գոտում մի քանի անգամ ազդանշաններ են արձանագրվել, որոնք ենթադրաբար պատկանել են ինքնաթիռի «սև արկղերին»։

Սակայն դրանք անհետացել են, և սարքավորումները չեն կարողացել ոչինչ հայտնաբերել։ Այժմ որոնողական աշխատանքներ են իրականացվում այն վայրից 10 կմ շառավղով, որտեղ ապրիլի 8-ին ազդանշան էր գրանցվել։