Ավստրալիան մտադիր է 1 շաբաթում ավարտին հասցնել անհետացած Boeing-ի «սև արկղերի» որոնման աշխատանքները

11:02 • 19.04.14

Մալայզիական Boeing 777 անհետացած օդանավի որոնողական աշխատանքներին ակտիվ մասնակցող Ավստրալիան մտադիր է առաջիկա 5-7 օրվա ընթացքում ավարտին հասցնել ինքնաթիռի «սև արկղերի» որոնման աշխատանքները, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Газета-ն հավելում է, որ արկղերի որոնումն իրականացվելու է ռեկորդային ցածր խորության վրա՝ Bluefin-21 սարքի միջոցով։
Հայտնի է, որ 5մ երկարությամբ և 750 կգ քաշով սարքը «սև արկղերը» որոնելու է 4.695մ խորության վրա, որտեղ Bluefin-21-ը կկարողանա աշխատել մինչև 25 ժամ։

 

Մալայզիայի տրանսպորտի նախարար Հիշամուդին Հուսեյնը տեղեկացրել է, որ այս հանգստյան օրերին կիրականացվեն անհետացած ինքնաթիռի ամենաինտենսիվ որոնողական աշխատանքները։

 

Հաղորդվում է նաև, որ որոնողական աշխատանքների գոտում հայտնաբերված վառելիքի հետքի անալիզը ցույց է տվել, որ այն որևէ կապ չունի օդանավի հետ։

 

Հիշեցնենք, որ Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որում եղել է 239 մարդ, անհետացել է մարտի 8-ին՝ Կուալա Լումպուր-Պեկին չվերթն իրականացնելու ժամանակ։