Երևանում ամեն տարի ծառերը բարբարոսաբար են էտում. Սիլվա Ադամյան

19:10 • 19.04.14

Երևանում ծառերը բարբարոսաբար են էտում: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բնապահպան Սիլվա Ադամյանը: Բնապահպանը նշեց, որ ծառերի էտումը շատ կարևոր է, բայց այն, որ մի ամբողջ փողոցի ծառեր էտված են միանման, արդեն իսկ վկայում է քաղաքապետարանի կողմից տարվող ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի մասին:

 


«Իրենք փողոցի ծառերը ծայրից ծայր միանման էտում են՝ անկախ նրանից, թե դա ինչ տեսակ է, քանի տարեկան է, ինչ խնդիրներ ունի: Ես համոզված եմ, որ դա իրենց բացարձակ չի հետաքրքում: Ճիշտ չէ, որ այդ աշխատանքն արվում է առանց նեղ մասնագիտական կարծիքի: Մեր քաղաքապետարանը ե՞րբ պետք է հասկանա, որ ամեն ինչի համար մասնագետ է պետք»,-ասաց նա:

 


Սիլվա Ադամյանը նկատեց նաև, որ ծառերը էտելիս հաշվի չի առնվում նաև այն, որ երբեմն դրանց վրա թռչնի բներ են շինված:
«Ճիշտ է, այսօր ագռավների ու կաչաղակների խնդիրը Երևանում արդիական չէ, բայց ամեն դեպքում՝ այստեղ կեսնաբաններ պետք է աշխատեն, երբ թռչնի բույն են տեսնում, իրավունք չունեն էտելու, բայց էտում են ու թափում ներքև: Ոչ պրոֆեսիոնալ, մեխանիկական աշխատանքն են կատարում: Նրանց հետ երբեք չեմ տեսել մասնագետ, որը ճյուղ առ ճյուղ կասի՝ որը կտրեն, որը՝ ոչ»,-ասաց նա:


Սիլվա Ադամյանն ընդգծեց, որ մի շարք բուսաբաններ բազմիցս նամակներ են ուղարկել քաղաքապետարան՝ բարձրացնելով այս հարցերը, բայց՝ ապարդյուն.
«Ոնց որ ամբողջ քաղաքը քանդել են, հիմա էլ ծառերն են այդպես էտում»,-ասաց բնապահպանը: