Ուկրաինայում գազային ճգնաժամը կարող է խնդիրներ ստեղծել Եվրոպայի համար
Էներգետիկայի հարցերով Եվրահանձնաժողովի հանձնակատար Գյունտեր Էթինգերը հայտարարել է, որ Ուկրաինայում գազային ճգնաժամը խնդիրներ կստեղծի Եվրոպայում էներգամատակարարման համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Die Welt-ին:
Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է օգնի Ուկրաինային ռուսական գազի դիմաց պարտքերը վճարելու հարցում։
«Այժմ կարևոր է հաղթահարել հնարավոր գազային ճգնաժամը և էներգաանվտանգություն ապահովել հաջորդ ձմռան համար: Եթե մենք Ուկրաինայի համար 2 միլիարդ դոլարից ավելի գումարը վճարելու հնարավորություն չգտնենք, ապա Ռուսաստանն այլևս գազ չի մատակարարի երկրին»,- ասել է Էթինգերը:
Եվրահանձնակատարը հիշեցրել է, որ Ուկրաինան հիմնական երկիրն է, որի միջոցով գազը հասցվում է ԵՄ երկրներ՝ հավելելով, որ կարող է սկսվել դժվարվերահսկելի գործընթաց, որը կանդրադառնա նաև Գերմանիայի վրա:
Էթինգերը նաև կոչ է արել ԵՄ երկրներին մատակարարումների դիվերսիֆիկացման ճանապարհներ փնտրել: Նորվեգիան, Ալժիրը և Ադրբեջանն այն պետություններն են, որոնք կարող են ԵՄ-ի հիմնական գործընկեր դառնալ գազի մատակարարման հարցում։










