Անհնար է, որ պատվաստանյութերը լինեն ժամկետանց, իսկ 1-անգամյա ներարկիչները 2-րդ անգամ օգտագործել հնարավոր չէ.մասնագետ (տեսանյութ)

17:05 • 19.04.14

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պատվաստանյութերի բաժնի պետ Ալմաստ Հարոյանը լրագրողներին փաստերով է բացատրում, որ թյուր է ազգաբնակչության մեջ տարածված այն կարծիքը, որ պատվաստանյութերը կարող են լինել ժամկետանց կամ նախատեսված մեկանգամյա ներարկիչները մի քանի անգամ են օգտագործվում՝ ռիսկի ենթարկելով պատվաստողին։ 

«Ունենք 25% պահուստային պատվաստանյութեր, որոնց վրա ժամկետները հստակ գրված են: Պատվաստանյութերը կրում են 2014, 2015, 2016 թթ-ի ժամկետը, և բացի այդ պատվաստանյութի վրա կա հստակ ինդիկատորներ, որոնց ջերմային ազդեցության ենթարկվելու դեպքում ակնհայտ երևում է, որ անպիտան է օգտագործման»,-բացատրեց նա և նշեց, որ պատվաստանյութերը բելգիական են և ֆրանսիական, այլ արտադրողներ չկան։

Ըստ բժշկուհու՝ բժիշկները պետք է պատվաստանյութերը հավաքեն ծնողի աչքի առաջ, իսկ եթե որոշ դեպքերում այդպես չի լինում, պետք է ծնողն ուղղակի խնդրի ներարկչում հավաքել պատվաստանյութերն իր աչքի առաջ։

Բժշկուհին նկատեց, թե ներարկիչով մի քանի անգամ պատվաստել ուղղակի անհնար է և անձամբ ցույց տվեց։ «Եթե ուզեն էլ չեն կարող անել, քանի որ դրանք ինքնաոչնչացվող են, մի անգամ հավաքեց, երկրորդ անգամ անհնար է ներարկիչն օգտագործել»,-ասաց նա։

Ալմաստ Հարոյանն ավելացրեց, որ պատվաստանյութերը պահվում են ճիշտ ջերմային ռեժիմով, յուրաքանչյուր եռամսյակ սառնարան-մեքենայով են տեղափոխվում մարզային կառույց։

Մասնագետը նաև նկատեց, որ ծնողը երեխային տանելով պատվաստելու՝ պետք է բուժհիմնարկ մտնելով առաջինն ուշադրություն դարձնի նախարարության կողմից տրամադրված պաստառներին, որոնք տեսանելի վայրում են և մանրամասն ներկայացված են ցուցումներն ու հակացուցումները։

Բացի այդ կան մի շարք բուկլետներ ու վկայականներ, որոնք տրվում են մայրերին, որտեղ բոլոր ցուցումները կան։ «Այդ հարցերը դրված են բոլոր բուժհիմնարկների վրա»,-ասաց նա։