ԱՄՆ-ում պայթյունի սպառնալիքով երկտող է հայտնաբերվել 150 ուղևորով ինքնաթիռում

10:52 • 19.04.14

ԱՄՆ-ում պայթյունի սպառնալիքով երկտող է հայտնաբերվել Delta Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռում: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դենվերի օդանավակայանում, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

 

Boeing 737 ինքնաթիռը, որում գտնվել է 150 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, դուրս էր եկել Դետրոյթից և մեկնում էր Դենվեր։ Թռիչքի ժամանակ բորտուղեկցորդներից մեկը երկտող է հայտնաբերել, որտեղ, ԶԼՄ-ների հաղորդմամբ, ասված է եղել, որ ինքնաթիռում պայթուցիկ սարք կա։

 

Ինքնաթիռը վայրէջք է կատարել օդանավակայանի հեռավոր հատվածում, որտեղ սպասել են ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատակիցները, հաղորդում են ԶԼՄ-ները: Ուղևորները տարհանվել են ավտոբուսներով, ընդ որում՝ նրանց թույլ չեն տվել դուրս հանել իրենց ձեռքի ուղեբեռը:

 

Այժմ դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։