ՀՀԿ-ական պատգամավորի համար ՕԵԿ-ի պահվածքն անսպասելի էր
ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով «Օրինաց երկիր» կուսակցության՝ իշխող կոալիցիայից դուրս գալու որոշմանը, ասաց, թե յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր կեցվածքը:
«Կոնկրետ ինձ համար սպասելի չէր ՕԵԿ-ի որոշումը: Բնականաբար, դրանք քաղաքական տեխնոլոգիաներ են: Իմ անձնական կարծիքով, այն հաշվարկները, որոնք արվում են, ճիշտ չեմ համարում և չեմ կարծում, թե դրանք արդյունավետ կլինին: Իսկ Հանրապետականի համար դա որևէ լուրջ ազդեցություն չի ունենա: ՀՀԿ-ն միշտ ուզեցել է քաղաքական ուժերին ներգրավել իշխանության մեջ»,-ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:
Նրա կարծիքով՝ «Օրինաց երկիր» կուսակցության այս պահվածքը քաղաքական նպատակներով է, սակայն պատգամավորը չի կարծում, թե այն հաջողությամբ կպսակվի:
«Նրանք ոչ միայն գալիք ընտրություններին են պատրաստվում, այլ նաև փորձում են իմիջ ձեռք բերել»,-տեսակետ հայտնեց Լեռնիկ Ալեքսանյանը՝ հավելելով, թե ժողովուրդը բավական հասունացել է և գիտի, թե ով ինչի համար է ինչ քայլի դիմում:
Պատգամավորն այն կարծիքին է, թե «Օրինաց երկիրը», եթե քննադատելու համար է լոկ ընդդիմություն դառնում, ապա մի քանի անգամ արդեն այն արել է, իսկ եթե ճիշտ դրսևորի իրեն, գուցե կարողանա ընդդիմադիր դաշտում հաջողության հասնել:










