Ս. Հարության ճրագալույցի Ս. Պատարագ է մատուցվել գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի Հիսուս Քրիստոսի Հարության տոնը նշում է ապրիլի 20-ին: Տոնը սկսվում է նախորդ օրը` երեկոյան՝ ապրիլի 19-ին, քանի որ ըստ եկեղեցական կարգի` օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից հայտնում են, որ այսօր մատուցվել է ճրագալույցի Ս. Պատարագ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում ճրագալույցի Ս. Պատարագն, ըստ ավանդույթի, մատուցվել է առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:
Ս. Պատարագին ներկա են եղել Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանը, Աժ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ճրագալույցի Ս. Պատարագից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տնօրհնեքի արարողություն է կատարվել:
Ճրագալույցի Ս. Պատարագի վերջում տրվել է Ս. Հարության Ավետիսը՝
-Քրիստոս Յարեաւ ի մեռելոց:
-Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի:
-Ձեզ և մեզ մեծ Աւետիս:
Վաղը` ապրիլի 20-ին, Ս. Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում: ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը կմատուցվի Արարատյան Հայրապետակայն թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ:










