Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԵԱՀԿ-ին Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման հարցում

14:40 • 19.04.14

Ռուսաստանը պատրաստ է լայն աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ-ին Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում, ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում, գրում է gazeta.ru-ն:

 

«ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինն Ուկրաինայում իրավիճակն ու ժնևյան պայմանավորվածություններն է քննարկել այդ երկրում նախագահի թեկնածու, «Հարավ-արևելք» շարժման առաջնորդ Օլեգ Ցարյովի հետ, ով ընդգծել է Ուկրաինայի իշխանությունների հետ ուղիղ կապեր հաստատելու հարցում հետաքրքրվածությունը՝ շրջանների դիրքորոշումը պարզելու նպատակով»,- ասված է արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում:

 

Հաղորդվում է, որ մինչ այժմ նման երկխոսություն հաստատելու բոլոր փորձերը բախվում էին Կիևի ցանկության բացակայությանը։

 

«Ներքաղաքական ճգնաժամի կարգավորման հարցերը պետք է որոշեն իրենք՝ ուկրաինացիները՝ ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության հետ սերտ համագործակցությամբ։ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել»,- նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։