Հարավային Կորեայի ափերի մոտ խորտակված նավի նավապետը ձերբակալվել է (լուսանկարներ)
Հարավային Կորեայի իշխանությունները ձերբակալել են օրերս երկրի ափերի մոտ խորտակված «Սևոլ» նավի նավապետին, հայտնում է Взгляд-ը։
68-ամյա նավապետ Լի Չժուն Սոկի և անձնակազմի ևս 2 անդամի ձերբակալության հրամանը տվել է Մոկպհո քաղաքի դատարանը՝ որոշումը հիմնավորելով նրանով, որ նրանք կարող են թաքնվել իրավապահներից կամ էլ վերացնել իրենց դեմ եղած ապացույցները։
Աղբյուրը հավելում է, որ նավապետը կասկածվում է ծառայողական պարտականությունների չարաշահման ու ծովային օրենսդրության խախտման համար։ Նավաբեկության գործի առնչությամբ հետաքննություն անցկացնող խմբի տվյալներով՝ նավապետն առաջիններից է լքել խորտակվող նավը՝ ձևացնելով, թե ուղևորներից մեկն է։
Բացի այդ, փրկված ուղևորները բողոքել են, որ անձնակազմը նավաբեկության պահին անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել մարդկանց տարհանելու համար, այլ ընդամենը կոչ է արել բոլորին մնալ իրենց տեղերում։
Հիշեցնենք, որ հարավկորեական ուղևորատար նավը խորտակվել է երկրի հարավ-արևելյան ափերի մոտ։ Դրա վրա գտնվել է 475 ուղևոր և անձնակազմի անդամ, որից 324-ը եղել են աշակերտներ։ Ըստ վերջին տվյալների՝ զոհերի թիվը հասել է 32-ի։
















