Հայոց ցեղասպանության հարցում կազմակերպված լինելու խնդիր ունենք. Տիրան Լոքմագյոզյան
Ըստ «Ակօս» թերթի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ պետության կողմից իրականացվող ծրագրերը ավելի շատ նման են պարտականության և դրա անվան տակ բյուջեից գումարներ կորզելուն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ իրականում Թուրքիան ավելի բարձր կարծիք ունենալով հայերի մասին, ավելի լրջորեն է պատրաստվում:
«Մենք խնդիր ունենք կազմակերպված լինելու: Ունենք տարբեր կառույցներ՝ Ցեղասպանության թանգարանը, Երևանի պետական համալսարանը, Գիտությունների ազգային ակադեմիան, որոնք բոլորն էլ էս ուղղությամբ աշխատանքներ տանում են, բայց նրանց կոորդինացնող մի կառույց չկա, պետությունը հստակ ռազմավարություն չունի: Պետական այրերը այսօր հստակ պատկերացում ու քաղաքականություն չունեն Ցեղասպանության հարցի հետ կապված: Երեք նախագահ ենք ունեցել, երեքն էլ տարբեր դիրքորոշում են հայտնել Ցեղասպանության հարցի շուրջ, իսկ թուրքերը հակառակը»,- ասաց նա:
Տիրան Լոքմագյոզյանը բարձրացրեց ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր պետությունների ազգային արխիվներն ուսումնասիրելու հարցը:
«Աշխարհում կան օտար արխիվներ, որոնք ուսումնասիրված չեն, դրանք պետք է ուսումնասիրել և հնարավոր է արժեքավոր փաստեր գտնվեն: Բայց մենք մեր ազգային արխիվը ամբողջությամբ չենք ուսումնասիրել, միայն վերջերս որոշ ուսումնասիրությունների մասին գրքեր հրատարակվեցին, բայց դա քիչ է»,- ասաց նա:
«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանն էլ ընդգծեց, որ ժամանակն է, որ Հայաստանը Հայոց ցեղասպանություն հարցով դիմի միջազգային քրեական դատարաններ՝ հարցն այնտեղ լուծելու համար:
«Մենք կոչ ենք անում ունենալ սեղանին նոր հայեցակարգային մոտեցումներ, և դրանցից մեկը իրավական խողովակներով առաջ շարժվելն է: Քաղաքական ճանապարհով պետություններին կոչ անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ խնդրին լուծում չի բերում, քանի որ ցանկացած երկիր առաջնորդվում է իր երկրի շահերից: Ցանկացած հանցագործություն իր պատիժը ստանում է դատարանում»,- ասաց նա:
Խաչատուր Մարոզյանը նշեց, որ միջազգային դատարան դիմելիս պետք է դիմել միջազգային հանրության օգնությանը՝ միջազգային ցեղասպանագետներին, իրավաբաններին և այլն:










