Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանին զորքեր տեղակայելու իրավունք ունի. Պեսկով

10:33 • 19.04.14

Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքեր կան, քանի որ հարևան երկրում հեղաշրջում է տեղի ունեցել, և Ռուսաստանը նախազգուշական միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի՝ իր անվտանգությունն ապահովելու համար, ուրբաթ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Взгляд-ը։

 

«Զորքեր, իհարկե, կան մեզ մոտ տարբեր շրջաններում: Կան զորքեր նաև ուկրաինական սահմանին։ Այդ զորքերն այնտեղ տեղակայված են՝ որոշները մշտական հիմքով, որոշներն էլ այնտեղ են գտնվում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին»,- հայտարարել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:

 

Պեսկովը հիշեցրել է, որ Ուկրաինան, «կներեք, դա մի երկիր է, որտեղ ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել»:

«Բնականաբար, ցանկացած երկիր հատուկ նախազգուշական միջոցներ կձեռնարկի իր անվտանգությունն ապահովելու համար: Եվ ավելորդ չէ հիշեցնել, որ Ռուսաստանն ինքնիշխան պետություն է և կարող է տեղակայել իր զորքերն իր տարածքի ցանկացած կետում»,- նշել է նա:

 

Պեսկովը հավելել է, որ սխալ է պնդել, թե այդ զորքերը կապված են Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ և ինչ-որ ազդեցություն են ունենում: