Ուկրաինան մեղմել է Ռուսաստանից ավիաուղևորների մուտքի սահմանափակումները

13:09 • 19.04.14

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունն արգելքի երկրորդ օրը կրճատել է ռուսների թիվը, որոնց մուտքը երկիր արգելվել է, հաղորդում է interfax.ru-ն՝ հղում անելով դեպի Ուկրաինա չվերթներ իրականացնող ավիաընկերություններում աղբյուրին:

 

«Արգելքի գործողության երկրորդ օրն ընդհանուր առմամբ ինչպես մեզ մոտ, այնպես էլ մեր գործընկերների, ուկրաինացի սահմանապահներն օդանավակայաններում արգելել են ինն ուղևորների մուտքը երկիր, որոնցից ութին թույլ չեն տվել Օդեսայում, իսկ մեկին՝ Խարկովում»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

Նրա խոսքով՝ երկրորդ օրն իրավիճակը բարելավվել է հիմնականում ուկրաինական կողմից խիստ սահմանափակումները հանելու հաշվին:

 

«Ուկրաինական կողմը Զատկի տոների հետ կապված զգալի զիջումների է գնացել, և ավելի շատ մարդ է կարողացել մտնել Ուկրաինա: Եթե առաջին օրերին արգելքը համընդհանուր էր, ապա այժմ ուկրաինացի սահմանապահներն ընտրողաբար են մոտենում երկիր մուտքի արգելքին»,- նշել է աղբյուրը:

 

Ապրիլի 17-ին ուկրաինական իշխանությունները հայտարարել էին, որ Ուկրաինան փակում է երկրի մուտքը Ռուսաստանի արական սեռի 16-ից 60 տարեկան ներկայացուցիչների համար, որոնք կլինեն միայնակ՝ առանց ընտանիքի կամ երեխաների։