Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է Յանուկովիչի վերադարձին. ԶԼՄ-ներ
Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը կարող է Ուկրաինա վերադառնալ Բերդյանսկի միջոցով, հայտնում է gazeta.ru-ն՝ ТСН.ua-ին հղումով, որն էլ վկայակոչում է աղբյուրների։
«Յանուկովիչի հնարավոր վերադարձի մասին լուրերից անմիջապես հետո բետոնե կառույցներով արգելափակվել է քաղաքի օդանավակայանի միակ թռիչքուղին։ Օդանավերն այժմ այստեղ չեն կարող վայրէջք կատարել»,- ընդգծել է աղբյուրը։
Տվյալների համաձայն՝ այժմ քաղաքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, աշխատում են Ուկրաինայի անվտանգության ծառայության ու ռազմական հետախուզության խմբերը։ Բոլոր մեքենաները ստուգվում են։ Քաղաքի կենտրոնում հերթապահում են Մայդանի ակտիվիստները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յանուկովիչն ապրիլի 20-ին կարող է վերադառնալ Ուկրաինա՝ Դոնեցկ։
Փետրվարի վերջին հեղափոխությունից հետո Յանուկովիչը լքել է երկրի տարածքը՝ հաստատվելով ՌԴ-ում։










