«Դ!ԵՄ ԵՄ»-ի տղաները ծաղիկներ են տնկել նախագահական նստավայրի դիմացի ծաղկանոցում

17:25 • 20.04.14

Ուրբաթ երեկոյան ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ Բաղրամյան 26-ում բողոքի ակցիա իրականացրած «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության մոտ 3 տասնյակ անդամներ, այսօր կեսօրին ծաղիկներ են տնկել նախագահական նստավայրի դիմացի ծաղկանոցում, քանի որ նախորդ ակցիայի ժամանակ ծաղիկներ էին տրորվել, այս մասին Tert.am–ին հայտնեց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:


«Քանի որ անկախ մեր կյանքից տրորվել էին այդ ծաղիկները, փորձեցինք շտկել այն վնասը, որը ակամա, անկախ մեր կամքից պատճառել էինք՝ տրորելով: Ու մեզ շատ լավ ենք զգում, որ պատասխանատվությունը կա, և յուրաքանչյուրն իր պատճառած վնասը պետք է փոխհատուցի»,- նշեց նախաձեռնության անդամը:


Նշենք, որ նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանն այսօր իր Facebook-յան էջում վաղը վերջնական մոբիլիզացիայի կոչ էր արել՝ Կոմիտաս-Զեյթուն տարածքներում առաջարկում եմ կազմակերպել համայնքային իրազեկում կազմակերպելու միջոցով:


«Առաջարկում եմ մարդկանց պայքարի ներգրավելու համար բակերում փոքր երթ անել ձեր, մեր ցույցերին մասնակցող Կոմիտաս-Զեյթուն շրջանի մասնակիցներից մի քանիսի հետ: ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵՆՔ, ասենք, որ հիմա մնացել է մի վերջնական մոբիլիզացիա, արդեն շատերից չեն պահում, ասենք, որ իրենք մենակ չենք և մեր շարքերը պիտի համալրվեն և այլն: Ինչպես նաև մի թռուցիկ լինի, որի վրա կարճ նշված է իրավիճակը, և մարդկանց հասկանալի լինի, որ մնում է այլևս Չ՛ՎԱԽԵՆԱԼ, իրենք մենակ չեն, այլ արդեն 10 000 հոգի չի վախենում: Հաջորդ շաբաթ այլ համայնքում և այլն: Մարդկանց հետ տետատետ շփում է պետք, արդեն դա է մնացել ժող ջան կարծես թե»,- գրել է նախաձառնության անդամը: 


Ի պատասխան հարցի, թե արդյոք խոսքը հանրահավաքների մասին է, Դավիթ Մանուկյանն ասաց, որ, ըստ էության, խոսքը բակային հանդիպումների մասին է, «Եվ Հայկն ուղղակի առաջարկել է տարբեր համայնքներով գնալ և մարդկանց տեղեկացնել, մոբիլիզացիա անել՝ ինֆորմացիայի տարածման նպատակով, որովհետև ամեն մեկը չէ, որ ինտերնետից օգտվում է, ամեն մեկը չէ, որ լուրերին այդքան հետևում է»:


Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ուրբաթ օրվա ակցիայի մասնակիցներին ասել էր, որ նրանց բոլոր պահանջներին ծանոթացել է և երկխոսության կոչ էր արել:


Այն ժամանակ Դավիթ Մանուկյանը հայտարարել էր. «Մեր պատասխանը հետևյալն է՝ երկխոսությանը մենք կողմ ենք, փակ չենք, այստեղ ռադիկալ փակ ուղեղների հավաքածու չի, բայց երկխոսելու սուբյեկտը պիտի կոռեկտ լինի: Չի կարելի երկխոսել Սահմանադրական դատարանի որոշման մասին: Իսկ այն կետերը, որ մենք ներկայացրել ենք, ոչ թե առաջարկներ են, որոնց շուրջ պետք է երկխոսենք, այլ՝ ՍԴ որոշման պահանջ»:


Ի պատասխան հարցի, թե հիմա էլ ուժի մեջ նույն պատասխա՞նն է, ակտիվիստն ասաց, որ հետագայում հնարավոր է հանդիպում, եթե Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ հանդես եկան օրենքի նոր նախագծով, որը կարողանա ապահովել, որպեսզի ռեալ կյանքում ինչ-որ բան փոխվի և վերանան հակասոցիալական օրենքի պահանջները:


Եվ, ըստ Դավիթ Մանուկյանի, այդ նոր օրենքի մշակման փուլում համատեղ աշխատանքի համատեքստում արդեն նման հանդիպում հնարավոր է: