Գլխացավով տառապող բրազիլացու ուղեղում քարանման գոյացություններ են հայտնաբերել
Գլխացավով տառապող բրազիլացու ուղեղում քարեր են հայտնաբերել: Ինչպես հայտնում է meddaily.ru-ն` New England Journal of Medicine-ին հղումով, տղամարդու մոտ գլխացավերից բացի, տեսողական խնդիրներ են ի հայտ եկել, սակայն բժշկի նա դիմել է առաջին ախտանիշերի հայտնվելուց 10 տարի անց միայն:
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ հիվանդի ուղեղում կալցիումի քարանման գոյացություններ են գտնվում: Բժիշկների կարծիքով` այդ գոյացություններն առաջացել են որպես որովայնային հիվանդության (ցելիակիա) բարդացման հետևանք:
Ցելիակիան (կամ էնտերոպաթիա) բազմագործոն հիվանդություն է, որի ժամանակ սխալ սննդակարգի կամ որևէ վնասակար ուտելիքի հետևանքով խանգարվում է նյութափոխանակությունը և բարակ աղու գործառույթը:
Բժիշկները տղամարդու համար հատուկ սննդակարգ են մշակել, որը կնպաստի եթե ոչ ամբողջական բուժմանը, ապա հիվանդի վիճակի զգալի բարելավմանը:










