ԱՄՆ գաղտնի ծառայությունը չի կարողանում բռնել Սպիտակ տան այգում հայտնված աղվեսին
ԱՄՆ գաղտնի ծառայությունը, որը պատասխանատու է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության համար, մի քանի ամիս շարունակ չի կարողանում բռնել աղվեսին, որը բնակություն է հաստատել Սպիտակ տան այգում և խոչընդոտում է ազդանշանային համակարգերի աշխատանքին:
Ինչպես հայտնում է News.ru-ն` Wall Street Journal-ին հղումով, աղվեսն այգում հայտնվել է անցյալ աշնանը, երբ բյուջետային ճգնաժամի պատճառով պետծառայողները հարկադիր արձակուրդի են մեկնել: Կենդանին գտնվել է առաջին տիկնոջ՝ Միշել Օբամայի մշակած հողամասում և գիշերային տագնապ է բարձրացրել, քանի որ կենդանու պատճառով աշխատել է ազդանշանային համակարգը:
Գաղտնի ծառայության աշխատակիցները մի շարք ծուղակներ են պատրաստել աղվեսին բռնելու համար և տեղադրել դրանք այգու տարբեր հատվածներում: Աշխատակիցները կենդանուն սպանել կամ կրակել նրա վրա չեն պատրաստվում: Նրանք փորձում են բռնել աղվեսին և տեղափոխել մոտակայքում գտնվող անտառ-այգին:










