«Armenian Power»-ի պարագլխին 973 տարվա ազատազրկում է սպառնում
Լոս Անջելեսի դաշնային դատարանում 38-ամյա Մհեր Դարբինյանի դատական լսումներն ավարտվել են մեղադրական եզրակացությամբ։ Մեղադրյալին մինչև 973 տարվա ազատազրկում է սպառնում, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Մհեր Դարբինյանը մեղավոր է ճանաչվել մեղադրական եզրակացության 57 կետերով՝ ներառյալ հանցավոր խմբավորմանն անդամակցելու, շորթման, բանկային խարդախությունների, կրեդիտային քարտերով խարդախություններ իրականացնելու, անձնական տվյալներ գողանալու, ինչպես նաև անօրինական զենք կրելու մեղադրանքներով։
Ինչպես նշվում է Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանի դատախազության հայտարարության մեջ՝ բանտում գտնվելու ընթացքում Դարբինյանը հանցավոր գործունեություն է ծավալել մեքսիկական մաֆիայի անդամների հետ։
Դարբինյանը համարվում է «Armenian power» հանցավոր խմբավորման պարագլուխը, որը բաղկացած էր հիմնականում Հայաստանից մեկնած երիտասարդ ներգաղթյալներից և ուներ 200-250 անդամ։
Հետաքննությունների դաշնային բյուրոն, ոստիկանությունն ու մի շարք այլ գերատեսչություններ 5 տարի շարունակ գործողություն էին իրականացրել։
2011թ.-ին իշխանությունները հայտարարել էին խմբավորման 100 անդամների դեմ քրեական գործ հարուցելու մասին, որոնք մեղադրվում էին առևանգումների, շորթումների, անօրինական խաղեր կազմակերպելու, թմրանյութերի վաճառքի և այլ մեղադրանքներով։
Այդ ժամանակ դատախազությունը հայտարարել էր, որ դա ԱՄՆ պատմության մեջ նման բնույթի ամենախոշոր գործն է։










