Սիրիահայ համայնքի համար նախընտրելի թեկնածուն Բաշար ալ-Ասադն է. արաբագետ
Սիրիայում կայանալիք նախագահական ընտրություններին անդրադառնալով՝ արաբագետ Հայկ Քոչարյանը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասաց, թե դեռ հստակ ժամանակահատված նշված չէ, բայց ենթադրաբար դրանք անցկացվելու են հունիս-հուլիս ամիսներին, և հայ համայնքի համար ցանկալի թեկնածուն Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ-Ասադն է:
«Այսօրվանից՝ ապրիլի 21-ից սկսվում է նախագահի թեկնածուների առաջադրումը, և այս պահին որևէ թեկնածու դեռ չի առաջադրվել»,-ասաց արաբագետը՝ նշելով, թե իր ունեցած վերջին տեղեկություններով՝ ընդդիմությունը փորձում է բոյկոտել ընտրությունները՝ ասելով, թե դրանք Սիրիայում ոչ մի իրավիճակ չեն փոխելու:
«Բաշար Ասադի թեկնածության առաջադրման դեպքում դա կլինի մի թեկնածուով ընտրարշավ: Հնարավոր է, որ ձևական թեկնածուներ լինեն, դրանք կլինեն խաղացողներ, որպեսզի իմիտացիա ստեղծեն, թե կան տարբեր թեկնածուներ»,-նշեց Հայկ Քոչարյանը:
Բանախոսը հաղորդեց նաև, որ վերջին շրջանում միտում է նկատվում, որ կառավարական ուժերը բավական լուրջ հաջողության են հասնում Սիրիայում:
«Մինչև այս ամսվա վերջ պետք է ավարտեն քիմիական զենքի ոչնչացման գործընթացը: Այսօրվա դրությամբ հայտնում են, որ մոտ 80 տոկոսն են ոչնչացրել: Ըստ երևույթին մինչև ամսվա վերջ կհասցնեն ավարտին հասցնել այդ գործընթացը: Բաշար Ասադն ունի ժամանակահատված, որպեսզի դաշտն ավելի բարենպաստ դարձնի իր համար, քանի որ քիմիական զենքի ոչնչացումից հետո լուրջ իրավիճակ կփոխվի Սիրիայում»,-ընդգծեց արաբագետը:
Նրա խոսքով հայ համայնքի մեծամասնությունը փորձելու է պահպանել իր չեզոքությունը և ավելի շատ աջակցելու է կառավարական ուժերին: «Այնտեղ, որտեղ կառավարական ուժերն են վերահսկում, այդ շրջաններում համեմատաբար կարգուկանոն գոյություն ունի և հայերի անվտանգությունն ապահովված է»,-ասաց Հայկ Քոչարյանը՝ հավելելով, թե հայ համայնքում կան մարդիկ, ովքեր գաղափարական սկզբունքներից ելնելով աջակցում են ընդդիմությանը, բայց՝ ոչ զինյալ:










