«Դ!ԵՄ ԵՄ»-ը Զեյթունում կոչ արեց բնակիչներին` գործատուներին թույլ չտալ աշխատավարձերից պահումներ անել (լուսանկարներ, տեսանյութ)

14:09 • 21.04.14

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների դեմ հանդես եկող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության մի քանի անդամներ այսօր Քանաքեռ-Զեյթուն համայնքում իրազեկման ակցիա անցկացրին: Նրանք կոչ էին անում բոլորին չենթարկվել ճնշումներին և թույլ չտալ, որպեսզի իրենց աշխատավարձից պահումներ անեն, եթե իհարկե իրենք չեն ցանկանում:

«Արդեն մոտ 70-80 գործատու չեն մուծում և որևէ պահումներ չեն անում իրենց աշխատողների աշխատավարձերից: Սիրելի քաղաքացիներ, մնում է ընդվզել բոլոր ձեռնարկություններում՝ լինի պետական, թե մասնավոր: Թույլ մի տվեք, որ որևէ պահումներ կատարեն, որովհետև իշխանությունն այլ օրինական ձև չի կարող գտնել, որ պահումներ անի: Կոչ ենք անում չենթարկվել որևէ ճնշման ու չտրվել սադրանքի՝ աշխատանքից ազատելու սպառնալիքի տակ»,-ասաց նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը:

Հարակից շենքերի բնակիչներից շատերը նայում էին պատուհանից և արձագանքում՝ «ճիշտ է», «այո» և այլն: Մի տատիկ իր տանից իջավ և կոնտակտներ խնդրեց:

Բնակիչներից մեկն էլ արձագանքելով նախաձեռնության անդամների կոչերին՝ նշեց, որ ինքը ևս դեմ է օրենքին և իր երեխաների ապագան այլևս Հայաստանում չի տեսնում:

«Եթե այսօր էլ հնարավորություն ունենամ երեխաներիս դուրս կհանեմ երկրից: Բոլոր ջահելների անունից ասում եմ, որ դեմ ենք: Էսօր ոչ մեկ չի կարող ամուսնանալ, երեխա ունենալ, ընտանիք պահել»,-ասաց նա:

Համայնքի խանութի աշխատողներից մեկն էլ այն վստահությունը հայտնեց, որ արդարությունը մի օր պետք է հաղթի և որոշումը կայացվի ի շահ ժողովրդի:

«Ես փոքր բիզնես ունեի՝ եկան քանդեցին, մի հատ չօգնեցին, չխթանեցին, դրա համար հույս ու հավատ չկա, որ կուտակայինը ինչ-որ օգուտ կարա տա ժողովրդին: Ամեն ձևով ժողովուրդը խաբված է այսօր, ու դրա համար էլ չենք հավատում կուտակայինին: Ոչ մի հարցով ժողովրդի կողմը չեն եղել»,-ասաց նա և հաջողություն մաղթեց նախաձեռնությանը:

Իրազեկման ակցիային բակերում արձագանքում էին ֆուտբոլ խաղացող երեխաները՝ ասելով, որ դեմ են, իսկ փողոցում կանգնում էին մեքենաները ու կրկին արտահայտում հարցի շուրջ իրենց դիրքորոշումը:

Նշենք նաև, որ ակցիային հեռվից հետևում էին ոստիկանության աշխատակիցներ: