Գյուղացիները սարսափի մեջ են. բնապահպանները պատրաստ են ուսումնասիրել Գեղարոտ գետի ջուրը

21:58 • 21.04.14

Արագածոտնի մարզի հինգ գյուղերը սնուցող Գեղարոտ գետի ջուրը, որը դուրս է գալիս մարզում կառուցված երկու փոքր ՀԷԿ-երից, աղտոտված է, և ինչպես գյուղացիներն են ասում՝ պիտանի չէ ոռոգման համար, անգամ կենդանիները մոտ չեն գնում ջրին: Այս մասին տեղեկացնում է «Ա1 պլյուս» հեռուստաընկերությունը՝ հայտնելով, որ գյուղացիները պատրաստ են ոտքի կանգնել, բայց բնապահպանների օգնության կարիքն ունեն:

 


Թե ինչով է պահմանավորված գետի աղտոտվածությունը, Tert.am-ը հետաքրքրվեց բնապահպան Սիլվա Ադամյանից:
«ՀԷԿ-երը շրջակա միջավայրի փոփոխություններ են առաջացնում, նվազում է ջրի հոսքը, դրա հետևանքով շրջապատում կարող է անապատացում սկսվել. և՛ գետի, և՛ շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը կարող է վերանալ, ինչպես նաև՝ առաջանում է խնդիր, երբ մարդիկ զրկվում են իրենց հասանելիք ջրից և չեն կարողանում իրենց հողատարածքները ջրել»,-ասաց նա՝ նշելով, որ իրենք ևս ՀԷԿ-երի մասով հենց այդ խնդիրներն են բարձրաձայնում:

 

Բնապահպանը այնքան էլ ռեալ չհամարեց, որ ՀԷԿ-ից արտանետված թունավոր նյութեր լինեն գետում:
«Այդ խնդրի դեպքում մենք պետք է ուսումնասիրենք տարածքը: Եթե ես ունենամ հստակ տվյալներ, կօգնենք այդ մարդկանց: Ես կարծում եմ, որ մեր մասնագետներն անպայման պետք է գնան և ուսումնասիրեն այդ գետը, որպեսզի հասկանանք, թե որտեղից է գալիս այդ թունավորումը, որպեսզի դրա դեմ պայքարենք: Մեր օգնությունը դա կլինի»,-ասաց Սիլվա Ադամյանը: