Եթե գանձված գումարները չփոխանցելու համար տույժ ու տուգանքներ չկան, էլ ինչո՞ւ ենք գանձում. Հակոբ Հակոբյան

20:19 • 21.04.14

Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը դրական է վերաբերում վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ սեղմ ժամկետում կուտակային կենսաթոշակների հետ կապված տույժերի հաշվարկի կասեցման մասին օրինագիծ մշակելու վերաբերյալ առաջարկին, քանի որ դա համահունչ է իր առաջարկին՝ տույժ ու տուգանքների ժամկետը 2014 թվականից տեղափոխել 2015 թվական:

 

«Կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ օրենքի նախագծի հեղինակը Կառավարությունն էր, և հենց Կառավարությունն էլ նպատակահարմար չգտավ և չընդունեց իմ առաջարկը՝ տույժ ու տուգանքներ կիրառելու գործողությունները երկարաձգել մեկ տարով, այսինքն՝ դրանց գանձումն սկսել 2015 թվականից»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

 

Հակոբ Հակոբյանի կարծիքով՝ աբսուրդային իրավիճակ է ստեղծվել, քանի որ առաջանում է նույն սկզբունքը, նույն հարցադրումները, որոնք մինչև հիմա կային՝ եթե չփոխանցելու դեպքում տույժ ու տուգանքներ չեն լինելու, ինչո՞ւ ենք գանձում, եթե գանձում ենք՝ ինչո՞ւ չփոխանցենք:

 

Իսկ վերոնշյալ նախագծին կողմ լինելն ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը բացատրում է հետևյալ կերպ. «Երբ մենք բարեփոխում ենք անում, մարդկանց ժամանակ չենք տալիս՝ ծանոթանալու այդ բարեփոխումների ընթացքին, զարգացումներին: Ամբողջ նպատակն այն է, որ մեկ տարով հետաձգեն այդ տույժ ու տուգանքները, որպեսզի մարդիկ ճիշտ ընկալելու ժամանակ ունենան»:


Հարցին, թե հնարավո՞ր է, որ նույնիսկ՝ չգանձելու մասին որոշում կայացվի, Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Այժմ քննարկումների փուլում ենք, տեսնենք՝ ինչ եզրակացության կգանք»: