Իրանում համաներում են հայտարարել կին կալանավորների նկատմամբ
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին մարգարե Մուհամմեդի դստեր՝ Ֆաթիմայի ծննդյան տարեդարձի պատվին, որը նշվում է ապրիլի 20-ին, համաներում է հայտարարել կին կալանավորների նկատմամբ, գրում է korrespondent.net-ը:
Իրանի դատական համակարգի ղեկավար Սադիկ Ամոլին մարգարե Մուհամմեդի դստեր ծննդյան օրվա առիթով նամակով դիմել է հոգևոր առաջնորդին: Նամակում նա խնդրել է ներում շնորհել 2014 թվականի ապրիլի 20-ի դրությամբ իրանական բանտերում պահվող կանանց: Իրանի հոգևոր առաջնորդը ստորագրել է համաներման մասին հրամանագիրը:
Փաստաթղթի համաձայն՝ համաներումը կառնչվի այն անձանց, ովքեր ընթացիկ տարվա ապրիլի 20-ի դրությամբ ազատազրկվել են 6 ամիս ժամկետով, ցմահ դատապարտյալները, 10 տարվա ժամկետով պատիժ կրողները, խնամքի տակ մանկահասակ երեխաներ ունեցողները, ինչպես նաև պարտքի դիմաց կալանավորված կանայք:










