Ներգաղթյալները պետք է ապացուցեն ռուսերենի իմացությունը ՌԴ-ում. Պուտինն օրենք է ստորագրել

12:16 • 21.04.14

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական դրության մասին օրենքում փոփոխություններ մտցնելու մասին փաստաթուղթը: Այդ օրենքի համաձայն՝ Ռուսաստանում ժամանակավոր կեցության կամ աշխատանքի համար դիմող օտարերկրացիները պարտավոր են հաստատել ռուսերենի իրենց իմացությունը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

ՌԴ-ի Պետդուման այդ օրենքն ընդունել էր ապրիլի 4-ին, Դաշնային խորհուրդը հաստատել ապրիլի 16-ին:

Որպես հաստատում ընդունվում են պետական նմուշի վկայականներ, դիպլոմներ, ատեստատներ այն երկրների ուսհաստատությունների կողմից, որոնք եղել են ԽՍՀՄ-ի կազմում մինչև 1991-ի սեպտեմբերի 1-ը: Ինչպես նաև՝ այն անձանց որակավորման փաստաթղթերը, որոնք բարեհաջող ատեստացիա են հանձնել ՌԴ-ի տարածքում 1991-ի սեպտեմբերի 1-ից։

 

Նույն օրենքով լեզուն, Ռուսաստանի պատմության և օրենքների հիմունքներն իմանալու պարտավորությունից ազատվում են այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, անգործունակ են, անչափահաս  (մինչև 18 տարեկան), ինչպես նաև՝ մասնակցում են արտասահմանում ապրող իրենց հայրենակիցներին Ռուսաստանում բնակեցնելու կամավորական ծրագրին: