Լոնդոնի քաղաքապետը պաշտպանել է փողոցային երաժիշտներին
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հանդես է եկել փողոցային երաժիշտների՝ «բասկերների» նկատմամբ կանոնների մեղմման օգտին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով AFP-ին:
Իր ոչ ֆորմալ ավանդույթներով, երաժիշտներով և այլընտրանքային նորաձևության խանութներով հայտնի Քեմդեն Թաուն թաղամասում մի քանի ամիս առաջ արգելել են փողոցային երաժշտությունը երեկոյան ժամը 21-ից հետո:
#BackBusking փողոցային երաժիշտների պաշտպանության արշավին այժմ միացել է նաև Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը: «Ես վախենում եմ՝ մայրաքաղաքի որոշ շրջաններ բասկերների համար արգելված տարածք կդառնան»,- ասել է Ջոնսոնը պաշտոնական հայտարարության մեջ:
«Մեր երաժիշտներին ավելորդ բյուրոկրատիայով սահմանափակելու փոխարեն՝ պետք է գնահատել այն ինքնաբուխ միջավայրը, որ նրանք բերում են փողոցներ և քաղաքներ»,- ընդգծել է Լոնդոնի քաղաքապետը։










