Անչափահասը Խաղաղ օվկիանոսի կեսն անցել է՝ ինքնաթիռի շասսիում թաքնված
ԱՄՆ-ից անչափահասը թաքնվել է Սան Խոսեից Հավայան կղզիներ թռչող ինքնաթիռի շասսիում և այդպես անցել Խաղաղ օվկիանոսի կեսը, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին, որն էլ վկայակոչում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի աղբյուրին:
Ինչպես գործակալությանը հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի աղբյուրը, դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը: 16-ամյա անչափահասին հայտնաբերել են Հավայան կղզիների Մաուի օդանավակայանի ցամաքային ծառայությունները: Նա ողջ է մնացել՝ չնայած, որ ինքնաթիռը թռել է 11 կիլոմետրից ավելի բարձրության վրա, որտեղ թթվածնի խիստ պակաս կա:
Ինչպես պարզվել է ավելի ուշ, երիտասարդն անցել է Սան Խոսեի օդանավակայանի դարպասի վրայով և բարձրացել է ինքնաթիռի շասսիի վրա: Տղան որոշել է նման քայլի դիմել այն բանից հետո, երբ փախել է սեփական ընտանիքից:










