ԶԼՄ-ները հրապարակել են խորտակված հարավկորեական նավի անձնակազմի բանակցությունները
ԶԼՄ-ներում հայտնվել են հարավկորեական խորտակված «Սևոլ» նավի անձնակազմի անդամների և առափնյա պահպանության ծառայության միջև ռադիոբանակցությունները, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով BBC News-ին։
Համաձայն հրապարակված տեղեկության՝ խորտակման պահին նավի վրա խուճապ է սկսվել, իսկ անձնակազմի անդամներն էքստրեմալ պայմաններում որոշումներ կայացնելու անկարողություն են դրսևորել։
Ահազանգը հնչեցնելուց 29 րոպե անց առափնյա պահպանության ծառայությունը խնդրել է անձնակազմի անդամներին գնալ և համոզվել, որ բոլոր ուղևորները փրկարարական բաճկոններ են հագել։ Դրան ի պատասխան՝ նրանցից մեկը հարցրել է, թե արդյոք առափնյա պահպանությունը հնարավորություն կունենա փրկել մարդկանց տարհանման դեպքում։ Առափնյա պահպանությունը ևս մի քանի անգամ խնդրել է ստուգել ուղևորներին, սակայն նավի անձնակազմն ամեն անգամ կրկնել է իր հարցը։ Ափում հայտարարել են, որ տարհանման մասին որոշումը նավի կապիտանը պետք է կայացներ անհապաղ, սակայն դա չի արել։
Ավելի վաղ ոստիկանությունը ստացել է հարյուրավոր տեքստային հաղորդագրությունների հասանելիությունը, որոնք ուղևորները և նավի անձնակազմն ուղարկել էին իրենց բարեկամներին և մտերիմներին նավի խորտակման պահին։
Ոստիկանությունը սկսել է ուսումնասիրել նաև ուղևորների հեռախոսազանգերը։ Ուսումնասիրելով դրանց բովանդակությունը՝ ոստիկանները հույս ունեն ամբողջությամբ վերականգնել իրադարձությունների ժամանակագրությունը։










