Սիրիայում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցումը

10:00 • 21.04.14

Սիրիայում երկուշաբթի մեկնարկում է նախընտրական արշավը, երկրի պատմության մեջ առաջին անգամ մի քանի թեկնածու կարող է դիմել նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Քվեարկությունը պետք է կայանա ամենաուշը հուլիսի 17-ին, երբ ավարտվում է Բաշար ալ Ասադի նախագահության երկրորդ ժամկետը, գրում է Взгляд-ը:

 

Սիրիայի իշխանությունների հայտարարության համաձայն՝ ընտրությունները պետք է կայանան հունիսին կամ հուլիսի սկզբին, սակայն քվեարկության անցկացման հստակ ամսաթիվը կորոշի սիրիական խորհրդարանը՝ թեկնածուների գրանցումը սկսելուց հետո:

 

Սիրիական իշխանությունները բացառում են ընտրությունների չեղյալ հայտարարումը կամ տեղափոխումը: «Մենք թույլ չենք տա նախագահական ընտրությունները հետաձգել կամ չեղյալ հայտարարել՝ անվտանգության, ներքին կամ արտաքին քաղաքականության ոլորտում իրավիճակի պատրվակով»,- հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Ումրան Ազ-Զոուբին:

 

Մարտին խորհրդարանն ընդունել է ընտրությունների մասին նոր օրենք, որը թույլ է տալիս երկրի պատմության մեջ առաջին անգամ մի քանի թեկնածուների մասնակցել ընտրություններին: Թեկնածուները պետք է իրենց թեկնածությունը ներկայացնեն խորհրդարանին և ստանան երկրի 250-տեղանոց օրենսդիր մարմնի առնվազն 35-ի աջակցությունը: