Մայրս հինգ երեխա է ունեցել, բայց Թաթուլ՝ մեկն է եղել. եղբայրը՝ հերոսի մասին (տեսանյութ)

17:03 • 21.04.14

Մենք, ինչպես միշտ, միջոցառումները սկսում ենք դպրոցից, շարունակում հուշահամալիրում, հետո գալիս ու մեր հայրական օջախում նորից շարունակում տոնը մինչև ուշ գիշեր: Այսօր դպրոցում երեխաները շատ լավ զինվորական միջոցառում անցկացրին: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան ազատամարտի հերոս, ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը՝ Մանվել Կրպեյանը, արդեն 23 տարի է՝ ապրիլի 21-ն այսպես է տոնվում Արեգ գյուղում, որտեղ 1965թ.-ի այս օրը ծնվել է հերոսը:

Օրվա միջոցառումների, Թաթուլի «հետնորդների» և հերոսական կերպարի մասին Մանվել Կրպեյանն ասաց. «Այսօր, եթե ներկա լինեիք այդ միջոցառմանը, կտեսնեիք, որ սերունդները զարգանում են, բայց որ Թաթուլի նմանները լինեն, չենք կարող ասել. Թաթուլը միակն էր: Աստված տա՝ պատերազմ չլինի, բայց եթե լինի, Թաթուլի կամքն իրենց հոգու մեջ էլի կգնան մեր երիտասարդները, և կարող է պատահել՝ ավելին լինեն, քան Թաթուլը, բայց Թաթուլ ոչ ոք չի կարող դառնալ»:

Հերոսի եղբայրն իր իսկ ընտանիքով ցույց տվեց խոսքերի օրինակը. «Ճիշտ է, մայրս հինգ երեխա է ունեցել, բայց Թաթուլ մի հատ է ունեցել: Թաթուլ ծնող մայրը երկրորդ անգամ Թաթուլ չի կարող ծնել»:

Մանվել Կրպեյանը հպարտությամբ նաև նշեց՝ Թաթուլին արժանի սերունդ այսօր կա, բայց ցավով ավելացրեց՝ շատ քիչ են. «Թաթուլի նմանների մասին ամեն ընտանիք չի հիշում, ասելու ժամանակ չունեն մարդիկ, և այսօր ոչ մեկին չես կարող մեղադրել»:

Թաթուլի երազած Հայաստանի, Թաթուլի պատկերացրած իրականության մասին հարցին, հերոսի եղբայրն արձագանքեց. «Վայ, վայ, վայ, այ էստեղ ցավոտ կողմիս ես կպնում: Դու ինչպե՞ս ես երազում տեսնել Հայաստանը: Ինքն ասում էր, որ Հայաստանը հայինն է, հայրենիքը հայինն է, բայց այսօր մեր մեծամեծերը չեն կշտանում, թալանում ու լափում են, բայց Թաթուլը էս հայրենիքը չէր ուզում, Թաթուլն ուզում էր, որ իր երկրում զոհվածի երեխան էլ լավ ապրի, վիրավորի երեխան էլ լավ ապրի: Սա ուղղակի գոյատևել է: Ես մեկ-մեկ ասում եմ՝ մենք էլ էդ պատերազմում զոհվեինք ու էս օրերը չտեսնեինք: Էս ազգը մշտապես հիվա՞նդ է, էս ազգի բժիշկները գնացի՞ն»:

Թաթուլի մարտական ընկերների հիշողությունների մեջ հատկապես տպավորվել է այն, թե ինչպես է նա միայնակ գերի վերցրել ռուս գնդապետ Մաշկովին, ով այդ ժամանակ օգնում էր ադրբեջանցիներին Գետաշենում իրականացնել հայաթափման «Օղակ» գործողությունը: Իսկ հերոսի խոստումը բոլորն են հիշում. «Թաթուլն ասում էր՝ Երևան չի վերադառնա, եթե Գետաշենն ընկնի»:

Այդպես էլ եղավ. Թաթուլը զոհվեց 26 տարեկան հասակում՝ 1991թ-ի ապրիլի 30-ին Գետաշենի պաշտպանության ժամանակ։ Չնայած Գետաշենը չազատագրվեց, բայց Թաթուլի ու իր նմանների անձնազոհությամբ հնարավոր եղավ խաղաղ բնակչությանը գրեթե առանց կորուստների տարհանել: