Պետք է օր առաջ ետ կանչել հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրությունները. Հայկազուն Ալվրցյան
Մեր երկրի վարած արտաքին քաղաքականության հետևանքն է այն, որ տարբեր երկրների կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացը կանգ է առել: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» ղեկավար Հայկազուն Ալվրցյանը՝ նշելով, թե դրա վրա իր ազդեցությունն են ունեցել նաև հայ-թուրքական «չարաբաստիկ» արձանագրությունները:
«Մի շարք երկրների, որոնք ինչ-ինչ բարոյական ճնշումների ազդեցության տակ գոնե պատրաստ էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այս արձանագրությունները լավագույն հնարավորությունը տվեցին՝ հրաժարվելու այդ մտքից և ասելու, որ Հայաստանն ու Թուրքիան բանակցային գործընթացի մեջ են, և մենք իրավունք չունենք խառնվել նրանց հարաբերություններին»,-ասաց Հայկազուն Ալվրցյանը:
Վերջինիս խոսքով՝ համոզիչ չէ այն, որ Նախագահը, արտգործնախարարը և պետությունը ներկայացնող այլ գործիչներ հայտարարում են, թե այդ արձանագրությունները որևէ կապ չունեն Ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ:
«Դա մեզ համար համոզիչ չէ: Եթե վիճակագրությունն ենք նայում, տեսնում ենք, թե ինչպիսին էր գործընթացը մինչ արձանագրություններն ստորագրելը և դրանից հետո»,-նշեց Հայկազուն Ալվրցյանը:
Նրա համոզմամբ՝ այս ամենից ելքը հետևյալն է՝ օր առաջ պետք է ետ կանչել արձանագրությունները և հանդես գալ հատուկ հայտարարությամբ, թե Հայաստանն արել է իրենից կախված ամեն ինչ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար:
«Սա ո´չ թե հետքայլ կդիտվի, այլ՝ քաղաքական լավատեսություն»,-ընդգծեց Հայկազուն Ալվրցյանը:










